ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. Լեգենդար հոլիվուդյան դերասան Ժան Կլոդ Վան Դամն իրեն Երևանում ֆանտաստիկ է զգում։ Այս մասին նա ասել էր լրագրողներին Comedy club փառատոնի կարմիր գորգի վրա՝ Հայաստանում նկարահանումների առաջին օրը։
Ամեն ինչից զգացվում էր, որ դերասանը հիանալի տրամադրություն ունի։ Նա պարում է, թռչկոտում է ու հնարավորինս հետաքրքիր դիրքերով է ներկայանում լուսանկարիչների առաջ։
«Այստեղ հիանալի է։ Ես ինձ ֆանտաստիկ եմ զգում», — ասաց դերասանը։
Ի տարբերություն հոլիվուդյան աստղի՝ ռուսաստանցի դերասան ու երգիծաբան Ալեքսանդր Ռևան իրեն շատ համեստ է պահում, նա սիրո խոստովանություն արեց Հայաստանին ու հայ ժողովրդին։ Ասաց, որ առաջին անգամ չէ, որ մեզ մոտ է գալիս ու մտադիր է կրկին վերադառնալ։ «Ես ձեզ սիրում եմ», — բղավեց նա Sputnik Արմենիայի թղթակցի խոսափողի մեջ։
Comedy Club-ի մասնակից Մարինա Կրավեցն, ի տարբերություն գործընկերների, արդեն հասցրել է ծանոթանալ քաղաքին։ Նա զբոսնել է մինչև Կասկադ ու լավ ուտելուց հետո որոշել է բարձրանալ բազմաթիվ աստիճաններով մինչև գագաթ։
«Ձեզ մոտ ամեն ինչ շատ համեղ է։ Մենք լավ հաց ենք ուտում ու կալորիաները այրելու համար կասկադի գագաթ ենք բարձրանում։ Երևանը շատ գեղեցիկ քաղաք է», — խոստովանում է նա։
Դերասան Գոշա Կուցենկոն անկեղծ ասում է, որ նոր է ժամանել ու դեռ չի հասցրել զբոսնել քաղաքում։ Նա նախկինում եղել է Երևանում ու երբեք չի մոռանա հայկական կոնյակի համն ու հայ կանանց գեղեցկությունը։ Նա նշեց, որ հայ կանայք իրենց էությամբ շատ հավատարիմ են։
«Բոլորն ասում են, որ հայուհիները իտալուհիներին են նման, իսկ ես կարծում եմ, որ նրանք են նման հայ կանանց», — ասաց Կուցենկոն։
Հիշեցնենք՝ կատակերգական շոուի անդամները ելույթ կունենան Երևանում Comedy Club փառատոնի շրջանակում, որն Հայաստանում առաջին անգամ կկայանա սեպտեմբերի 15–ին և 16–ին։ Դրան կմասնակցեն Պավել Վոլյան, Գարիկ Մարտիրոսյանը, Գարիկ Խառլամովը, Տիմուր Բատրուտդինովը, Դեմիս Կարիբիդիսը, Անդրեյ Սկորոխոդինը, Միխայիլ Գալուստյանը, Ալեքսանդր Ռևան, Զուրաբ Մատուան, Անդրեյ Ավերինը, Մարինա Կրավեցը և ուրիշներ։
Հատուկ թողարկումները Հայաստանից կհեռարձակվեն ՏՆՏ-ով, արդեն աշնանը։ Միջոցառման հյուրերի համար Comedy club-ը Երևանով հատուկ զբոսավարություն է կազմակերպել։