ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Կառավարության այսօրվա` սեպտեմբերի 14-ի նիստում քննարկեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, որով պատգամավորն առաջարկում է ծառահատման համար վարչական պատիժը փոխարինել ազատազրկմամբ:
Նախագծի հեղինակի համոզմամբ` պատժի խստացումը կնպաստի բնության դեմ ուղղված գործողությունների նվազմանը:
Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը հայտնեց, որ կառավարությունը նմանօրինակ օրենսդրական նախաձեռնություն արդեն մշակում է:
«Մենք սա քննարկել ենք նաև նախարարական կոմիտեում։ Համապատասխան գերատեսչությունները խոսել են պատգամավորի հետ: Այս պահին կարծում եմ` ոչինչ չի խանգարում նշված հարցին որոշում տալ, և մնացածը արդեն պատգամավորի որոշումն է»,- ասաց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը` հույս հայտնելով, որ բնապահպանության նախարարությունն ինտենսիվ աշխատում է նոր օրենսդրական փոփոխությունների ուղղությամբ:
Կառավարությունը նախագիծն ընդունեց, բայց Նաիրա Զոհրաբյանին առաջարկեց ձեռնպահ մնալ նախագծի վերաբերյալ հետագա քայլերից, որպեսզի կառավարությունը հնարավորություն ունենա ԱԺ ներկայացնել համալիր նախագիծ:
Նշենք, որ ՀՀ կառավարության նիստն այսօր վարում է Միրզոյանը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայում է: