ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ եռագույնով զբոսաշրջիկներին թույլ չեն տվել մտնել Վանա լճի Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցի։ Այս մասին հայտնում է Ihlas Haber Ajansı պարբերականը:
3 տարվա ընդմիջումից հետո սեպտեմբերի 9-ին եկեղեցում պատարագ է մատուցվել, և այդ կապակցությամբ խստացրել են անվտանգության միջոցները:
Հայկական դրոշներով զբոսաշրջիկները ստիպված են եղել պատարագը լսել դրսից, գրում է պարբերականը:
Նշվում է, որ Վանա լճում գտնվող եկեղեցում պատարագին մասնակցելու նպատակով Թուրքիա են մեկնել մոտ 3 հազար հավատացյալ հայեր Հայաստանից, Թուրքիայից և Եվրոպայի երկրներից:
Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին նորոգումից հետո վերաբացվել է 2007 թվականին: Այն միակն է պատմական Հայաստանի տարածքում, որի գմբեթին խաչ է դրվել վերանորոգումից հետո: Հայկական ճարտարապետության գլուխգործոց համարվող եկեղեցիներից մեկն այժմ թանգարանի կարգավիճակ ունի: Եկեղեցում թույլատրվում է պատարագ մատուցել տարին մեկ անգամ` Խաչվերաց տոնին նախորդող կիրակի օրերին:
2010 թվականից սկսած` մարդիկ ուխտագնացության էին գնում այնտեղ: Սակայն վերջին տարիներին Թուրքիայի իշխանություններն արգելեցին նման միջոցառումներ անցկացնել եկեղեցու տարածքում ՝ պատճառաբանելով, թե «արդիական սպառնալիքներ» կան: Խոսքը քրդերի հետ հակամարտության մասին էր:
Վերջերս հայտնի դարձավ, որ Սուրբ Խաչ եկեղեցին, որը կառուցվել է X դարի սկզբին, կարող է ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում: