ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. ԱԱԾ-ի և ոստիկանության ղեկավարները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցել են օլիգարխների թիկնազորին զինաթափելու ուղղությամբ կատարած աշխատանքների մասին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը։
Նրա խոսքով` ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ու ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը կատարված աշխատանքների մասին Փաշինյանին զեկուցել են երեկ` վարչապետի պահանջած ժամկետում: Իսկ թե ինչ է զեկուցվել ու ինչ աշխատանքներ են կատարվել այդ ընթացքում, Եղոյանը չհայտնեց` ասելով, որ այս պահին հրապարակման ենթակա տեղեկություններ չկան։
Հարցին, թե կան արդյո՞ք կոնկրետ արդյունքներ, Եղոյանը պատասխանեց. «Չէին կարող չլինել։ Բայց այս պահին այսքանը։ Ավելի ուշ, ըստ նպատակահարմարության, ավելի մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի»։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Դավիթաշենում հրավիրված նախընտրական հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ-ին և ոստիկանությանը հանձնարարեց «ռեյդ անել, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին պառկեցնել ասֆալտին և զինաթափել» և 2 ժամվա ընթացքում զեկուցել իրեն։ Նա հայտարարեց, որ եթե գերատեսչությունները չկարողանան երկրում կարգ ու կանոն հաստատել, ապա ինքն անձամբ կհագնի «կամուֆլյաժն» ու կանի դա: