ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանի գեղասահքի հավաքականի ստուգիչ սահքերից հետո հայտնի գեղասահորդ Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանը լրագրողներին պատմել է իր կյանքի ամենածանր ժամանակահատվածի մասին։
Կանանց մենասահքում աշխարհի կրկնակի չեմպիոն, 2018 թվականի օլիմպիադայի արծաթե կրկնակի մեդալակիրը երեկ մի քանի սխալ է թույլ տվել և նույնիսկ ընկել է Մոսկվայում սահելիս։ Հիշեցնենք, որ Մեդվեդևան լքել էր մարզիչ Էթերի Տուտվերիձեի խումբը և տեղափոխվել Կանադա, Բրայան Օրսերի խումբ։
«Այս մրցաշրջանն իմ կյանքի ամենադժվար փուլն էր։ Ստիպված էի ընտելանալ Կանադայի մշակույթին, բայց երևի երբեք էլ չեմ վարժվի, ես ռուս եմ», — խոստովանել է գեղասահորդուհին։
Ժենյայի գլխավոր խնդիրներից մեկը լեզվի խոչընդոտն է։ Դժվար է մշտապես հաղորդակցվել անգլերեն և միայն մոր ու տատի հետ ռուսերեն խոսել հեռախոսով։ Ժենյայի համար դժվար է նաև ընտելանալ սննդին։
«Դժվարանում եմ ինչ-որ կոնկրետ դժվարություն նշել, բայց դժվար է հարմարվելը։ Պառկում ես մահճակալին և ուզում ես ձայն տալ տատիդ, իսկ նա Մոսկվայում է», — ասել է Մեդվեդևան։
Նա նաև նշել է, որ մինչև հիմա էլ զբաղվում է առողջությունը վերականգնելով։ Ժենյան վստահ է, որ ամեն ինչ լավ կլինի։
«Ամեն ինչ նախատեսվածի պես է ընթանում, միայն սահքը ծրագրվածի պես չանցավ։ Հուսով եմ` կուղղենք Autumn Classic-ի ժամանակ։ Կերկրպագեք ինձ, ձեր աջակցության կարիքը շատ ունեմ», — ավելացրել է գեղասահորդուհին։
Ըստ նրա, կարճ ծրագիրը, որ ներկայացրել է Նովգորոդսկում շաբաթ օրը, մաքուր է սահել։ Նրա խոսքով` բոլորը գոհ են մնացել ելույթից. և՛ մարզիչ Բրայան Օրսերը, և՛ պարուսույց Դևիդ Ուիլսոնը։
Մեդվեդևան նաև շնորհակալություն է հայտնել երկրպագուներին, որոնք Մոսկվա են մեկնել իր ելույթը դիտելու համար։
«Կես տարվա մեջ առաջին անգամ եմ նման հրապարակ դուրս գալիս և շատ ուրախ եմ, որ այստեղ եմ։ Ինձ ճանապարհում էին ծափողջույներով, նույնիսկ վատ սահքի համար էին «բրավո» բղավում։ Այն, որ ես չմուշկներով սահում եմ, օրհնություն է, քանի որ եթե այս խաղաշրջանում որևէ բան այլ կերպ ընթանար, այստեղ չէի լինի», — եզրափակել է Մեդվեդևան։
Հիշեցնենք, որ Փհենչհանի օլիմպիական խաղերում Մեդվեդևան երկու անգամ արծաթե մեդալ նվաճեց` մենասահքում ոսկին զիջելով մեկ այլ ռուս գեղասահորդուհու` Ալինա Զագիտովային։ Նա նաև Աշխարհի կրկնակի չեմպիոն է։ Մեդվեդևան այժմ Տորոնտոյում է, մարզվում է Բրայան Օրսերի մոտ և պատրաստվում մրցումներին։ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրն ավելի վաղ լքել էր Էթերի Տուտբերիձեին, որի մոտ մարզվել էր 11 տարի։