Դեպքը Ոստան գյուղի գյուղապետարանի շենքում էր կատարվել սեպտեմբերի 5-ին:
Օրը ցերեկով, անհայտ անձն, օգտվելով «Հայփոստ» ՓԲԸ աշխատակցուհու բացակայությունից, կոտրել էր գրասենյակի դռան ապակին, գրասեղանի դարակից փող էր հափշտակել ու քանի որ, մեղմ ասած, անաղմուկ չէր գործել` գյուղապետարանի աշխատակցուհիները նկատել էին նրան, փորձել էին բռնել: Չէր հաջողվել: Փախել էր:
Կատարվածից րոպեներ անց ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում ստացվեց:
Արտաքին նկարագիրը մոտավոր արդեն պարզ էր: Դեպքի վայրի զննությունից հետո ոստիկաններն անհետաձգելի որոնողական աշխատանքներ սկսեցին: Ավելի ուշ քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ նշված հանցագործությունն ամենայն հավանականությամբ կատարել է Ոստան գյուղի բնակիչ Գրիգոր Գալստյանը:
Նույն օրը, ժամը 20-ի սահմաններում Գալստյանը կողոպուտ կատարելու կասկածանքով գյուղից բերման ենթարկվեց ոստիկանության Արտաշատի բաժին:
Գողոնը մասամբ հայտնաբերվել և առգրավվել է:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Կողոպուտի փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: