Շարմազանովը վստահեցնում է, որ Նիկոլ Փաշինյանն ունի կոմպետենտության լուրջ խնդիր ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունների և արտաքին քաղաքականության, այլև ներքին քաղաքականության մեջ։
Ըստ Շարմազանովի` Փաշինյանի և ՌԴ նախագահ Պուտինի, իսկ ավելի ուշ հայ գործարարների հետ հանդիպումներից հետո հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ մտավախությունները ոչ միայն փարատվեցին, այլ ավելացան։ Որպեսզի ասածը մերկապարանոց չլինի, Շարմազանովը խոսում է փաստերով։
«Փաշինյանը հանդիպումից առաջ ասաց` մեր պետությունների մեջ կան հարցեր, և, աստված չանի, եթե չլինեն հարցեր. դրանց բացակայությունը խոսում է, որ հարաբերություն չկա։ Ավելի ուշ Պուտինի հետ խոսեց ներքին գործերին չխառնվելու մասին։ Եթե ամեն ինչ լավ է, ինչու՞ է այդ մտահոգությունը։ Եվ ամենակարևորը` հանդիպումից հետո նա հայտարարեց, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են։ Ես հիմա իրեն հարց եմ ուղղում` եթե փայլուն են, ապա ինքն իրեն հակասում է։ Ասում է` եթե հարցեր չկան, ուրեմն ոչ մի հարաբերություն չկա։ Հիմա փայլու՞ն են, թե՞ հարաբերություններն ավելի են վատացել»,- ասաց Շարմազանովը։
Նրա խոսքով` եթե հարաբերությունները փայլուն են, ուրեմն Ռուսաստանն այլևս զենք չի տալու Ադրբեջանին, ուրեմն Ադրբեջանի` ՀԱՊԿ դիտորդ դառնալու խոսակցությունների վերաբերյալ մտահոգություն չկա, ուրեմն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ որոշումը կայացված է։
Շարմազանովն անդրադառնում է նաև բազմաթիվ այլ խնդիրների։
«Փաշինյանն իր խոսքի արժեքը չի գիտակցում»,- ասում է նա` նշելով` եթե հարաբերությունները փայլուն են, ուրեմն որևէ հարց չկա, բոլոր հարցերը մեկ օրում լուծվել են։
«Բայց ես չեմ կարծում, որ նման բան կարող է լինել»,- նշում է նա։