ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները հետևողականորեն զարգանում են բոլոր ուղղություններով, հայտարարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ընթացքում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Հանդիպման սկզբում նախագահը նշեց, որ երկկողմ հարաբերությունները յուրահատուկ բնույթ ունեն:
«Այսօրվա դրությամբ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները հետևողականորեն զարգանում են բոլոր ուղղություններով: Դա վերաբերում է քաղաքական հարաբերությունների ոլորտին, ռազմական ոլորտին, անվտանգության հարցերին, տնտեսական համագործակցությանը: Ես պատրաստ եմ քննարկել մեր ընթացիկ փոխգործակցության հարցերը նաև երկարաժամկետ հեռանկարում», — ասաց Պուտինը՝ ընդգծելով Ռուսաստանի առաջատար դերը Հայաստանի ներդրումային ոլորտում:
Նա նշեց էներգետիկայի ոլորտում համագործակցությունը՝ ընդգծելով Հայաստան ռուսական գազ առաքելու ցածր գները՝ 1000 խորանարդի համար 150 դոլար, ինչպես նաև հիշատակելով ատոմային և ջերմային էներգետիկան:
«Հարաբերությունները զարգանում են թե՛ մետաղագործական արդյունաբերության, թե՛ մեքենաշինության ոլորտներում: Ընդհանուր առմամբ մենք խոսելու բաներ ունենք», — հավելեց Պուտինը՝ նշելով, որ անցած տարի ապրանքաշրջանառությունն աճել է գրեթե 30 տոկոսով և հույս հայտնելով, որ ընթացիկ տարում ցուցանիշները կբարձրանան:
Հիշեցնենք, որ Փաշինյանը Մոսկվա է մեկնել այսօր։ Նա անմիջապես ուղևորվել է Կրեմլ, որտեղ հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ 17։00-19։00-ն հանդիպում է նախատեսված Ռուսաստանում բնակվող հայ գործարարների հետ։
Փաշինյանը Մոսկվայից Երևան կվերադառնա այսօր երեկոյան։
ՀՀ վարչապետի այս հանդիպումը երրորդն է։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը բանակցություններ են ունեցել Սոչիում մայիսի 14-ին ԵԱՏՄ երկրների ղեկավարների համար նախատեսված գագաթնաժողովի շրջանակում։ Հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում հունիսի 13-ին, այն ժամանակ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը։