ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի իշխանությունները կուժեղացնեն մեքենայի գազաբալոնների և տեխզննման վերահսկողությունը։ Այս մասին լրագրողներին ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը։
Նա հիշեցրեց, որ գազով շահագործվող ավտոմեքենաները պետք է բալոնները ստուգման տան ոչ պակաս, քան երկու տարին մեկ անգամ։ Սակայն գործնականում այդ պահանջը ոչ բոլորն են անում։ Իսկ գազաբալոնների տեղադրմամբ և ստուգմամբ զբաղվող կայանները ոչ միշտ են արտոնագրվում նախարարությունում։
Նույնը վերաբերում է տեխզննմանը։ Տեխզննումը պարտադիր է, բայց ոչ բոլոր ընկերություններն են իրենց գործը պատշաճ ձևով կատարում։ Նախարարի խոսքով` օգնության կգան թվային տեխնոլոգիաները։
«Մենք ուզում ենք բոլոր ավտոմեքենաների վերաբերյալ տվյալների բազա հավաքել, որպեսզի երևա, թե որ մեքենան երբ է ստուգում անցել։ Այդ տվյալներից կկարողանա օգտվել նաև ոստիկանությունը` պատժելու համար անբարեխիղճ վարորդներին և տեխզննում իրականացնող ընկերություններին», — ասաց նախարարը։
Էլեկտրոնային տվյալների բազան կփոխարինի դիմապակուն փակցվող կտրոնին և դրա կարիքն այլևս չի լինի։