ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի–Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր նոր հանդիպման մասին Facebook-ի ուղիղ եթերում։
Վարչապետի խոսքով, վերջին շրջանում շատ է խոսվում հայ–ռուսական հարաբերությունների վատթարացման մասին։ Փաշինյանը, սակայն, համաձայն չէ այդ գնահատականների հետ։
«Կարծում եմ, որ աշխատանքային գործընթաց է առկա։ Մենք շարունակում ենք շփվել տարբեր մակարդակներում։ Առաջիկայում մեկնելու եմ Մոսկվա։ Երրորդ հանդիպումն եմ ունենալու Պուտինի հետ։ Մանրակրկիտ կքննարկենք մեր օրակարգի բազմաթիվ հարցեր», – նշեց նա։
Փաշինյանը շեշտեց, որ չի պնդում, թե բոլոր հարցերը լուծում կստանան։ Սակայն համոզված է, որ երկու երկրների հարաբերությունները բնական հունի մեջ են և այդպես էլ կշարունակվի։
Փաշինյանն ու Պուտինը երկու անգամ արդեն հանդիպել են` Սոչիում (մայիսին) և Մոսկվայում (հունիսին)։