ԵՐԵՎԱՆ, 2 Սեպտեմբեր — Sputnik. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Արցախի Հանրապետության Անկախության տոնի առիթով շնորհավորական ուղերձ է հղել Արցախի նախագահ Բակո Սահակյանին և արցախցիներին:
Ինչպես տեղեկացնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից, շնորհավորագրում մասնավորապես ասվում է. «Ազգովի տոնում ենք 27-րդ տարեդարձը Արցախի Հանրապետության անկախության, 27-րդ տարեդարձը արցախահայության ազատ, արժանապատիվ կյանքով ապրելու կամարտահայտության: Մեր մտապատկերում վեր են հառնում դժվարին տարիներն արցախյան գոյապայքարի: Առ Աստված ապավինությամբ ազգս հայոց ոտքի կանգնեց պաշտպանելու իր արդար իրավունքները հայրենի պատմական Արցախում՝ փաստելով, որ Հայոց Ցեղասպանությամբ հայ ժողովրդի համար բացված 20-րդ դարը չի կարող մայր մտնել նույնպիսի ոճրագործությամբ»։
Կաթողիկոսը նաև նշում է, որ արցախյան հերոսամարտը պսակվեց անկախ պետականության հռչակմամբ, և այդ ճանապարհին արցախահայությունը ոտք դրեց գալիք բոլոր դժվարությունների և փորձությունների քաջ գիտակցությամբ և մարտահրավերներին դիմագրավելու հանձնառությամբ:
«Հակառակ ամենածանր պայմանների, բազում դժվարությունների ու նեղությունների, պատերազմի վերսկսման մշտական սպառնալիքի՝ Մեր զավակները, ազատության արժեքի ամենաբարձր գիտակցությամբ, իրենց արժանապատիվ կյանքը կերտեցին և շարունակում են իրենց նախնյաց քաջարի, անկոտրում ոգու և հավատի կրողը մնալ»,– ասված է ուղերձում:
Իր խոսքն ուղեղելով Արցախի նախագահ Բակո Սահակյանին, Ամենայն հայոց կաթողիկոսն ընդգծում է Արցախի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանն ուղղված նրա նվիրումն ու նշում, որ աղոթում է, որպեսզի Բարձրյալն Աստված Իր Սուրբ Աջով խաղաղ երկնքի ներքո բարօր պահպանի մեր Արցախ աշխարհը, միասնական ու համախումբ պահի արցախահայությանը` պարգևելով անվրդով ու ապահով, շեն ու պայծառ կյանք։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթում է, որ Պաշտպանության բանակի հերոս զինվորների ու հրամանատարների հավատքը մշտապես զորանա և ոգին անպարտ մնա ` անառիկ պահպանելու հայրենյաց սահմանները: