Գիտելիքի ու դպրության օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ այսօր առավոտյան Հանրապետության նախագահի նստավայրում հյուրընկալվել էին տարբեր ուսումնական հաստատությունների, այդ թվում՝ հատուկ կարիքներ ունեցող երեխաների խնամքի կենտրոնների, մանկատների սաներ, ինչպես նաև սիրիահայ դպրոցականներ:
Նախագահական նստավայրի բացօթյա տարածքում երեխաների համար ժամանցային և ուսուցողական միջոցառում էր կազմակերպվել: Տեղադրված տաղավարներում թեմատիկ՝ ֆիզիկա և քիմիա առարկաներին վերաբերող հետաքրքիր ու հանրամատչելի ցուցադրություններ էին: Երեխաներին նաև հնարավորություն էր տրվել զբաղվել նկարչությամբ ու կավագործությամբ, շախմատ խաղալ:
Փոքրիկ հյուրերի հետ հանդիպել է նաև Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը: Նախագահը զրուցել է երեխաների հետ, նրանց հետ շրջել տաղավարներով: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Արմեն Սարգսյանն ասել է, որ որևէ դպրոց գնալու փոխարեն նախընտրել է երեխաներին հյուրընկալել Նախագահական նստավայրում:
«Մենք նպատակ ունենք այս փոքրիկ, բայց գեղեցիկ այգին այսուհետ ոչ աշխատանքային օրերին բացել բոլորի համար»,- նշել է ՀՀ նախագահը:
Նախագահ Սարգսյանի խոսքով՝ կարևոր է, որպեսզի սեպտեմբերի 1-ին երեխաները սիրով գնան դպրոց: Սարգսյանը նշել է` երեխաների համար դպրոցն այնպիսի տեղ պետք է լինի, որ հաճույքով այցելեն: Եթե հաճույքով ես սովորում՝ սովորում ես շատ արագ, որակով և ընդմիշտ: