ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. Արմավիրի մարզում, Էջմիածնի քաղաքապետարանի մոտ կրակոցներ են հնչել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը` նշելով, որ ոստիկանության Վաղարշապատի բաժինն ահազանգը ստացել է երեկ՝ օգոստոսի 31-ին, 19։30-ի սահմանում։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող նախկին կինոյի շենքի դիմաց անհայտ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում կրակոցներ են հնչել։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են դեռևս չպարզված զենքից արձակված 7.62 մմ տրամաչափի պարկուճներ, ռետինե մահակներ։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Կայքի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Արմավիրի մարզի ոստիկանները հայտնաբերել են Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ՝ 43-ամյա Ռոլանդ Ասլանյանին, որն բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ ներկայացել է իրավապահներին։