ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. Հորը դաժանաբար սպանելու համար մեղադրվող Խաչատուրյան քույրերից երկուսը չեն ավարտել դպրոցը և սեպտեմբերի 1-ից կշարունակեն ուսում ստանալ մոսկովյան մեկուսարանին կից դպրոցում։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է Պատիժների կրման դաշնային ծառայության մոսկովյան վարչության մամուլի ծառայության ղեկավար Սերգեյ Ցիգանկովը։
Նրա խոսքով` դա սովորական դպրոց չէ, այնտեղ ուսուցումն իրականացվում է տեսակապի միջոցով։
«Նրանց մոտ ուսուցիչներ չեն գալիս, այնտեղ հեռահար ուսուցում է իրականացվում.,- ասել է Ցիգանկովը։
Հայտնի է, որ ձերբակալության պահին Անգելինա և Մարիա Խաչատուրյանները սովորում էին 11-րդ դասարանում, Քրիստինե Խաչատուրյանը` բժշկական քոլեջի երկրորդ կուրսում։
Ցիգանկովն ասել է, որ հաջորդ շաբաթվանից այդպիսի ուսուցում կանցնեն 30 ձերբակալվածներ։
Հիշեցնենք` աղմկահարույց սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 27-ին Մոսկվայի հյուսիս-արևելքում։ Երեք քույրերը հայտնել էին, որ սպանել են իրենց հորը` Միխայիլ Խաչատուրյանին։
Հարցաքննության ժամանակ քույրերը խոստովանել էին իրենց մեղքը և բացատրել, որ «իրենք վատ հարաբերություններ են ունեցել հոր հետ, քանի որ հայրը տարիներ շարունակ բարոյապես տանջել է նրանց»։ Մոսկվայի Օստանկինյան դատարանը օգոստոսի 2-ին կալանավորել է երեք քույրերին։