ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. Այսօր Լոռու մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարը երիտասարդ զինվորականի մահվան պատճառ է դարձել։
Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, այսօր, ժամը 01:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 22-ամյա Դավիթ Գալստյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 34 VC 006 համարանիշի ավտոմեքենայով Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:
Վթարի հետևանքով Դ. Գալստյանը տեղում մահացել է, իսկ ուղևորներ, Երևանի բնակիչ, 23-ամյա Գառնիկ Մկրտչյանն ու Կոտայքի մարզի բնակիչ, 22-ամյա Վաղարշակ Նազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է` պարզվել է, որ մահացածն ու վիրավորները ծառայում են ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասում, ինչի համար էլ դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՊՆ Վանաձորի Ռազմական ոստիկանության օպերատիվ խումբը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: