ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Քրեական հեղինակություն Արամ Վարդանյանը՝ «Վստրեչի ապերը», ազատ է արձակվել: Լուրը հաստատել է նրա շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը:
Փաստաբանը չի մանրամասնել, թե ինչ պայմաններով է ազատ արձակվել Արամ Վարդանյանը:
Հիշեցնենք՝ հունիսի 4-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում մի քաղաքացի հաղորդում էր տվել այն մասին, որ 2017 թվականի հուլիսի 17-ին Նորագավիթ թաղամասում սուպերմարկետի մոտից «Վստրեչի ապեր» մականվամբ Արամ Վարդանյանը և մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ բռնություն գործադրելով, առևանգել են իրեն, տեղափոխել Վարդանյանին պատկանող Արցախի փողոցի մի շինություն, որոշ ժամանակ իր կամքին հակառակ պահել այնտեղ, ծեծել ու մարմնական վնասվածքներ պատճառել:
Հարուցվել է քրեական գործ, Վարդանյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Նրա ձերբակալման մասին լուրը տարածվել էր հուլիսի 30-ին: ՀՀ ոստիկանության հաղորդման համաձայն «Վստրեչի Ապերը» ձերբակալվել էր Դուբայի օդանավակայանում:

