ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի — Sputnik. Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 23-ին նախատեսված արտահերթ ընտրություններին ՀՅԴ համամասնական ցուցակը կգլխավորի ՀՀ բնապահպանության նախարարության Անտառային պետական կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանը։ Լուրը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:
Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ կարգախոսը լինելու է. «Միասին` հանուն Երևանի»:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահ Միքայել Մանուկյանը նախկինում եղել է ԱԺ պատգամավոր։
Դեռ երիտասարդ տարիներին զինվորագրվել է հայոց ազատամարտին, ՀՅԴ-ի նկատմամբ քաղաքական բռնաճնշումների տարիներին բանտարկվել է, ապա՝ արդարացվել։
Զբաղվել է կուսակցական ակտիվ գործունեությամբ՝ համակարգելով Դաշնակցության Հայաստանի կառույցների գործունեությունը։
![Микаел Манукян Микаел Манукян - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/1407/61/14076108_0:0:1110:740_600x0_80_0_0_651c8f1734b5022f3276d15e921b66d6.jpg)
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները նախատեսված են սեպտեմբերի 23-ին:
Ընտրություններին կմասնակցեն դերասան և պրոդյուսեր Հայկ Մարությանը («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն), Զարուհի Փոստանջյանը («Երկիր ծիրանի»), Արարատ Զուրաբյանը («ՀՀՇ»), հայտնի ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստրը` Անահիտ Թարխանյանը, Նաիրա Զոհրաբյանը («ԲՀԿ»)։ «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցություններն իրենց հերթին առաջարկել են ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի թեկնածությունը։ «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունն առաջադրել է Մանուել Գասպարյանի թեկնածությունը։ «Ժառանգության» թեկնածուն կլինի Րաֆֆի Հովհաննիսյանը, ՕԵԿ–ի թեկնածուն` Մհեր Շահգելդյանը։