ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. Արթուր Բաղդասարյանի «Օրինաց երկիր» կուսակցությունը նույնպես կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին։ Կուսակցությունն այս մասին հայտարարություն է տարածել։
Օգոստոսի 23-ին տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը, որի ժամանակ միաձայն որոշում է կայացվել 2018 թ. սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցության մասին` «Մենք ենք ու մեր Երևանը» կարգախոսով:
Քաղաքական խորհուրդը որոշել է, որ ընտրական ցուցակը գլխավորի ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները նախատեսված են սեպտեմբերի 23-ին:
Ընտրություններին կմասնակցեն դերասան և պրոդյուսեր Հայկ Մարությանը («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն), Զարուհի Փոստանջյանը («Երկիր ծիրանի»), Արարատ Զուրաբյանը («ՀՀՇ»), հայտնի ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստրը` Անահիտ Թարխանյանը, Նաիրա Զոհրաբյանը («ԲՀԿ»)։ «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցություններն իրենց հերթին առաջարկել են ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի թեկնածությունը։ «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունն առաջադրել է Մանուել Գասպարյանի թեկնածությունը։ «Ժառանգության» թեկնածուն կլինի Րաֆֆի Հովհաննիսյանը։