ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Ոստիկանության զորքերի առաջին հերթափոխն այսօր մեկնեց Տավուշի մարզ` մարտական դիրքերը պաշտպանելու: Նրանց ճանապարհելու էր գնացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման միջոցով ներկայացնում էր տղաներին ճանապարհելու հանդիսավոր գործընթացը։ Ներկա էր նաև Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը։
«Ոստիկանության զորքերն այսօրվանից մեկնում են մարտական հերթափոխության Հայաստանի պետական սահման։ Նրանք միանում են մեր բանակին` մեր սահմանները ամուր պահելու համար։ Ես արդեն շնորհակալություն եմ հայտնել ոստիկանության զորքերի ծառայողներին և նրանց հարազատներին այս կարևոր առաքելությունն իրականացնելու պատրաստակամության համար»,–ուղիղ հեռարձակման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 19–ին պարզ դարձավ, որ ոստիկանության զորքերի առաջին հերթափոխը օգոստոսի 23-ին կմեկնի Տավուշի մարզ` մարտական դիրքերը պաշտպանելու: Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն այս մասին հայտնել էր ոստիկանության զորքերի վարչակազմի և ենթակա զորամասերի հրամանատարական կազմի հետ անցկացրած խորհրդակցության ժամանակ։
Օսիպյանը ոստիկաններին անփորձանք ծառայություն էր մաղթել և հավաստիացրել, որ առաջին իսկ հնարավորության դեպքում լինելու է դիրքերում, նրանց կողքին: