ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Գավառ քաղաքում հարևանը աղյուսով հարվածելով փորձել է սպանել 81–ամյա կնոջը։
Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, երեկ՝ օգոստոսի 22-ին, ժամը 23:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Ազատամարտիկների փողոցի 61 շենքի 11-րդ բնակարանի բնակչուհին չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը՝ դուռը բացելու համար:
Օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված տանը վիճաբանություն է տեղի ունեցել և այնտեղ կա վիրավոր:
Փրկարարները, բացելով տան դուռը, այնտեղ անօգնական, ծայրահեղ ծանր վիճակում հայտնաբերել են տանտիրուհուն՝ 81-ամյա Սիլվա Տոնիյանին՝ գլխին ստացած վնասվածքներով: Բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել և փրկարարների հետ «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ նրան տեղափոխել են Գավառի հիվանդանոց: Տան սենյակն ամբողջովին պատված է եղել արյունով, բնակարանում էլ հայտնաբերվել է աղյուս, որի վրա առկա էին արնանման հետքեր:
Մինչ քննիչները դեպքի վայրի տեղազննություն էին կատարում, Գեղարքունիքի մարզի ոստիկանները պարզել են, որ Ս. Տոնիյանին սպանելու դիտավորությամբ մարմնական վնասվածքներ է պատճառել նույն շենքի բնակիչ, 41-ամյա Խաչատուր Հարությունյանը, որը քարե աղյուսով Ս. Տոնիյանին հարվածներ հասցնելուց հետո դիմել է փախուստի: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ:

