ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Երեկ՝ օգոստոսի 22-ին, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, «Հայավտոճան» ընկերության և Կոտայքի «Ճանշինի» պատասխանատուները հերթական պայթեցումը իրականացրին Կոտայքի մարզի Գողթ գյուղի վարչական տարածքում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հերթական անգամ պայթեցման եղանակով փլուզեցին հսկայական ժայռաբեկորներ, ինչի պատճառով Գեղարդ-Վանական համալիր ճանապարհը երեկվանից երկկողմանի փակ է:
Գյուղացիներն ասել են. «Արդեն մի քանի օր է՝ էս նույն վիճակն է: Երթևեկությունը նշված հատվածում դարձել է ոչ կանոնավոր: Չգիտենք, թե երբ է վերջնականապես վերանալու այդ խնդիրը: Գալիս պայթեցնում են ու մի 2 օր պատասխանատուների «իզութոզը» չի երևում: Հո միայն պայթեցնելով չի: Բա ճանապարհից ով պետք է հեռացնի այդ հսկայական ժայռաբեկորները»:
Ըստ կայքի` երեկ բավականին լարված էր իրավիճակը նշված հատվածում, քանի որ նախորդ պայթեցումների հետևանքով հսկայական ժայռաբեկորները գլորվել ու լցվել էին քաղաքացու սեփականությունը հանդիսացող այգին՝ վնասելով մի քանի ծառեր: Եթե այդ ժամանակ քաղաքացին հանդուրժել էր, ասելով, որ վանք տանող ճանապարհը բացելու համար է, ապա երեկ նա պատրաստ էր իր ընտանիքի անդամներով պառկել պայթեցվող հատվածում, հայտարարելով, որ պատկան մարմինները մինչև թուղթ չտան, որ վնասի դեպքում ինքը փոխհատուցում ստանա, չի թույլատրի, որպեսզի պայթեցումն իրականացվի:
Ի վերջո, «Հայավտոճան» ընկերության տնօրենի և Գողթի գյուղապետի հետ բանակցությունների արդյունքում գյուղացիները համաձայնեցին, որպեսզի կատարվեն պայթեցման աշխատանքները, ինչը բարեհաջող անցավ, ոչ մի ծառ ու թուփ չտուժեց, սակայն միակ խնդիրն հիմա էլ կայանում է նրանում, որ երեկվանից դրա արդյունքում ճանապարհը երկկողմանի փակ է։