Այսօր Հայաստանում բացվել է չինարենի խորացված ուսուցման դպրոց: Չինաստանի անհատույց օգնությամբ կառուցված կրթօջախի բացմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Էրլուն, դպրոցի աշխատակազմը, առաջին դիմորդներն ու նրանց ծնողները և պաշտոնատար անձինք:
«Այսօր հիշարժան օր է հայ-չինական հարաբերությունների պատմության համար»,-իր խոսքում նշել է դեսպան Էրլուն՝ ուրախությամբ հավելելով, որ Չինարենի խորացված ուսուցման դպրոցը կարեւոր է երկու երկրների միջեւ հումանիտար կապերի ամրապնդման տեսանկյունից:
«Շատ հայտնի ասացվածք կա. քանի լեզու գիտես, այնքան մարդ ես: Չինարենի իմացությունը, առավել եւս այս պարագայում, բացում է հնարավորություն՝ հասու լինելու մարդկության եւ քաղաքակրթության պատմության մի հսկայական շերտի եւ ահռելի տեղեկատվության: Եվ ես հույս ունեմ, որ այս դպրոցը կդառնա այն խողովակը, որի միջոցով հայաստանցիները, հայ ժողովուրդն առավել խորությամբ կտեղեկանան այն ահռելի ազդեցության մասին, որ Չինաստանը եւ չինական քաղաքակրթությունն ունեցել են մարդկության զարգացման վրա: Մեր ժողովուրդը նույնպես գալիս է հազարամյակների խորքից, եւ իսկապես ես պատմական մեծ իմաստ եմ տեսնում այն փաստի մեջ, որ այսօր Հայաստանի եւ Չինաստանի պետական դրոշները ծածանվում են կողք կողքի»,-դպրոցի բացման հանդիսավոր արարողության ժամանակ ունեցած իր ելույթում ասել է ՀՀ վարչապետը: