ԵՐԵՎԱՆ, 20 Օգոստոս — Sputnik. Հայաստանի հետ նախկինում հաստատված ամուր փոխգործակցությունը կշարունակվի ու ավելի կխորանա՝ ի նպաստ երկու երկրների շահերի. այս մասին այսօր հայտարարել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին՝ Արթուր Վանեցյանի հետ կայացած հանդիպման ժամանակ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից՝ ԻԻՀ դեսպանը ծառայություն էր այցելել ճանաչողական այցով:
Ողջունելով դեսպանին՝ ԱԱԾ տնօրենը նշել է, որ Իրանը Հայաստանի համար բարեկամ երկիր է, որի հետ ամուր համագործակցությունն ու աշխատանքային հաստատուն հարաբերությունները մեծ կարևորություն ունեն:
Դեսպան Սաջջադին հանդիպման սկզբում շնորհավորել է Արթուր Վանեցյանին՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ապա անդրադարձել երկու երկրների համագործակցությանը:
Ս. Սաջջադին նշել է, որ Իրանը Հայաստանի համար որևէ սահմանափակում չունի և այժմ տարվում են անհրաժեշտ աշխատանքներ՝ համագործակցության նոր ուղիներ գտնելու նպատակով:
Անդրադառնալով համագործակցության արդեն գործող ոլորտներին՝ տնօրեն Ա.Վանեցյանը նշել է, որ Հայաստանն առանձնահատուկ մոտեցում ունի զբոսաշրջության հիմնահարցերին, կարևորում է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների՝ վերջին տարիներին գրանցված մեծ հետաքրքրությունն ու ակտիվ հոսքը Հայաստան:
Տնօրենը վստահեցրել է, որ արվում է ամեն հնարավորը զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու համար: