ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. Այսօր կյանքից հեռացել է մեր գործընկեր Pastinfo կայքի լրագրող Սոնա Մաշուրյանը։
Սոնա Մաշուրյանը լուսաբանում էր դատաիրավական ոլորտը։
Նրա անժամանակ մահվան պատճառ է դարձել դարի հիվանդությունը` քաղցկեղը։
Սոնայի մահը ցնցել է գործընկերներին, նրանք իրենց կսկիծն ու ցավակցությունն են հայտնում Սոնայի ֆեյսբուքյան էջին։
«Այսօր խորը կսկիծով տեղեկացա շատ սիրելի ու հարազատ մարդու, պրոֆեսիոնալ լրագրող Սոնա Մաշուրյանի անժամանակ մահվան մասին։ ՍՈՆԱ ջան, խոսքեր ուղղակի չեմ գտնում…հոգիդ հանգչի խաղաղությամբ: Բարիության մարմնավորում, քեզ միշտ կհիշենք ջերմությամբ»,–գրել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տրուզյանը։
«Սոնա ջան, բարությունդ սահման չուներ, Եզակի էիր…ծանր ցավը չչարացրեց քեզ, քչերը իմացան ներսումդ բուն դրած ցավի մասին. կմնաս ժպտերես ու ծիծաղկոտ մեր հիշողություններում»,–գրել է լրագրող Ռուզան Մինասյանը։
Sputnik Արմենիան ևս ցավակցում է մեր գործընկերոջ ընտանիքին և ընկերներն` նրա անժամանակ մահվան համար։
