ԵՐԵՎԱՆ, 20 Օգոստոս — Sputnik. Գործունեության թիրախում ունենալով քաղաքացիների, մանավանդ՝ երեխաների էկո կրթության և վայրի բնության նկատմամբ հոգատարություն սերմանելու խնդիրները՝ Երևանի կենդանաբանական այգին հանձնառություն է ստանձնել նաև օգնելու առողջական պրոբլեմներ ունեցող երեխաներին:
Կենդանաբանական այգում գործող ձիարշավարանում նախորդ տարիներին կազմակերպվել են հիպոթերապիայի անվճար սեանսներ՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար:
Շարունակելով այդ ավանդույթը Երևանի կենդանաբանական այգին հրավիրում է գրանցվելու անվճար պարապմունքների համար:
Հիպոթերապիայի անվճար սեանսներին մասնակցելու համար պետք է ներկայացնել երեխայի (8-18 տարեկան) հաշմանդամությունը հավաստող փաստաթուղթ, բժշկի համապատասխան ցուցումը, ցուցումը տվող բժշկի կոնտակտը (հեռախոսահամար, մասնագիտական գործունեության հասցե):
Փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել Երևանի կենդանաբանական այգու գիտամեթոդական բաժին: Մանրամասներին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել +374 98 85-70-92 հեռախոսահամարով կամ գրել edu@yerevanzoo.am էլ. փոստին:
Միաժամանակ Կենդանաբանական այգու հանրային կապերի ծառայությունից տեղեկացնում են, որ խիստ հազվադեպ պարագայում, կախված առկա ֆիզիկական խնդրի բարդությունից, Կենդանաբանական այգու մասնագետը կարող է մերժել հայտը՝ երեխայի անվտանգության նկատառումներից ելնելով: