Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ավստրիայի արտգործնախարար Կարին Քնայսլի և գործարար Վոլֆգանգ Մայլինգերի հարսանյաց հանդեսին ոչ միայն պարել է հարսի հետ, այլև երկարաշունչ բաժակաճառ ասել։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահը հարսանեկան արարողությանը մասնակցել է Բեռլին մեկնելուց առաջ, որտեղ բանակցություններ էին նախատեսված ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ։ Մեկ ժամվա ընթացքում Ռուսաստանի նախագահը հասցրել է շնորհավորել նորապսակներին, հանձնել նվերները, պարել հարսի հետ և ինքնագիր թողնել ավտոմեքենայի վրա։
Ինչպես ավելի ուշ պատմել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Պուտինը նորապսակներին գյուղական մոտիվներով նկար է նվիրել, հին յուղ քամելու սարք և ինքնաեռ։ ՌԴ առաջնորդը նաև «երաժշտական նվեր» է մատուցել. Դոնի կազակների համույթն ավանդական կազակական երգեր են կատարել հարսանիքի ժամանակ։
Պուտինը նույնիսկ պարել է հարսի հետ։ Պարի ընթացքում Կարին Քնայսլին գրկած նախագահի լուսանկարը մի շարք համաշխարհային ԶԼՄ-ների գլխավոր լուսանկարն է դարձել։
Հարսանիքի ամենահատկանշական պահերից մեկը Պուտինի կենացն է եղել։ «Նա նորապսակներին երկար համատեղ կյանք և ընտանեկան երջանկություն մաղթեց։ Բավականին երկար կենաց էր։ Պուտինը խոսեց գերմաներեն։ Շատ էր կատակում, ինչն ըստ արժանվույն գնահատեցին հյուրերը, որոնք բազմաթիվ անգամ նրան ընդհատեցին ծափահարություններով», — ասել է Պեսկովը։
Դրանից հետո, արդեն ռեստորանում, Պուտինը կարմիր մարկերով ինքնագիր է թողել նորապսակների ավտոմեքենայի վրա` ինքնագրի շուրջը սիրտ նկարելով։ Հարսանքավորների հետ մոտ մեկ ժամ անցկացնելուց հետո տեղի ժամանակով ժամը 16-ին նախագահը հրաժեշտ է տվել և հեռացել։
«Նա «համբույր» բացականչելուց հետո մեկնել է Մերկելի մոտ»,- գրել են ավստրիական ԶԼՄ-ները։
Պուտինն ասել է, որ հարսանիքն իրեն դուր է եկել։ Ավելի ուշ արդեն Բեռլինում, Ավստրիա կատարած իր ուղևորության մասին հարցին պատասխանելով, Պուտինն այն անվանել է «լավ, շատ բարի»` նշելով, որ դա մասնավոր այց էր։