ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի — Sputnik. Այս արդյունքին հասել ենք հետևողական ու տքնաջան արդյունքի շնորհիվ։ Մեկնաբանելով Գլազգոյի իրենց ելույթներն ու արդյունքները` Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ընթացքում ասացին հայ ջրացատկորդներն ու հավաքականի մարզիչ Հրաչյա Չանդիրյանը։ «Մեզանից բացի ոչ-ոքի չէր սպասում այս արդյունքին: Մեր երկարամյա աշխատանքը տվեց իր պտուղներն ու հուսով եմ, որ այս ամենը շարունակություն կունենա: Չունենալով լողավազաններ, աշտարակներ պատշաճ մարզվելու համար` մենք անհնարինը հնարավոր դարձրեցինք»,–ասաց Չանդիրյանը:
Հայ ջրացատկորդների նվաճումը իրականում ֆենոմենալ պետք է համարել, քանի որ սինքրոն ցատկելու նվազագույն հնարավորություններ էլ չեն ունեցել. «Լողավազանում սինքրոն ցատկելու ոչ մի հնարավորություն չենք ունեցել: Աշտարակը նեղ է, որպեսզի տղաները իրար կողք-կողքի կանգնեն ու ցատկեն, իսկ ոստնակ էլ ընդամենը մեկն ունենաք: Մարզվել ենք դահլիճում»- նշեց Հրաչյա Չանդիրյանը:
Հայաստանում ոչ հենակետային համարվող այս մարզաձևում մենք, անկասկած, կարող ենք ունենալ ավելի մեծ հաջողություններ ապագայում: Հավաքականի գլխավոր մարզիչը ընդգծեց, որ մասնավորապես աշտարակացատկերում հիմա մեծ մրցակցություն է ընթանում ու, դա, իհարկե, կնպաստի վարպետության բարձրացմանը: Բացի այդ կան նաև այլ երիտասարդ ջրացատկորդներ, որոնք մոտ ապագայում ունակ են նոր արդյունքների հասնել:
Բրոնզե մեդալակիրներ Լև Սարգսյանն ու Վլադիմիր Հարությունյանն էլ իրենց գնահատականների մեջ շատ համեստ էին. «Այս հաջողությանը մենք հասանք իրականում կատարված ահռելի ծավալի աշխատանքի ու մարզչի շնորհիվ: Հիմա արդեն հավատում ենք, որ կարող ենք ավելիին հասնել ու դրա համար շարունակելու ենք նույն ձևով աշխատել»:
Բայց նոր արդյունքների հասնելու համար միայն մարզվել Դավիթ Համբարձումյանի անվան լողավազանում` չունենալով հարկավոր պայմաններ, շատ դժվար կլինի: Ապագայում մեդալներ վաստակելու համար հարկավոր են ուսումնամարզական հավաքներ. «Գոնե յուրաքանչյուր մրցումից առաջ մեկ ուսումնամարզական հավաք է պետք անցկացնել, իսկ մենք առայժմ ոչ մի հավաք չենք անցկացրել, ու պատճառներից մեկը ջրացատկի ֆեդերացիայի փոքրիկ բյուջեն է»- ավելացրեց Հրաչյա Չանդիրյանը:
Տեսնելով հայ ջրացատկորդների վարպետությունը` այլ երկրներից եղել են առաջարկներ տեղափոխվելու ու այլ դրոշի ներքո հանդես գալու համար, սակայն հավաքականի մարզիչը վստահեցրեց, որ բազմաթիվ այդ առաջարկներին առայժմ չեն էլ անդրադարձել ու շարունակելու են ներկայացնել Հայաստանը:
Մեր կողմից էլ ավելացնենք, որ 2019 թվականը նախաօլիմպիական տարի է ու եթե ունենք այսպիսի թիմ ու լավ ջրացատկորդներ ինչի՞ չմտածենք օլիմպիական ուղեգրի մասին: Այս մարզաձևում Հայաստանը շատ տիտղոսներ ու ավանդույթներ ունի, սակայն առայժմ հիշողության մեջ: Մյուս տարի մեր հավաքականը մասնակցելու է աշխարհի առաջնությանն ու աշխարհի գավաթի խաղարկությանը: Հենց այդ մրցումների արդյունքներով էլ կհասկանանք` արդյո՞ք ունենք օլիմպիական վարկանիշ այս մարզաձևում, թե՞ ոչ:
Պարզ է, որ ունենք բարձրակարգ մարզիչ ու շատ լավ մարզիկներ: Մնում է նրանց ապահովել մարզվելու նվազագույն պայմաններով, ու արդեն ակնկալել նոր արդյունքներ: Մինչև այս նվաճումը, ոչ ոք չէր հավատում դրան, անակնկալը կարող է նոր ավանդույթների հիմքը դառնալ: