ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացնում է, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնական այցով Հայաստան կժամանի օգոստոսի 24-25-ը:
«Այցի շրջանակներում կկայանան հայ-գերմանական բարձր մակարդակի բանակցություններ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ:
Հայաստանի վարչապետը և Գերմանիայի կանցլերը բանակցությունների արդյունքները կամփոփեն համատեղ մամուլի ասուլիսում: Այցելության շրջանակներում կանցլեր Անգելա Մերկելը հանդիպում կունենա նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ»,–գրել է նա:
Տեղեկացվում է նաև, որ Գերմանիայի կանցլերը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։