ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանցի հայտնի երգիչ Ալեքսեյ Չումակովը հոկտեմբերի 21-ին, ժամը 19:00 «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա համերգով: Այս մասին նշված է երգչի ֆեյսբուքյան էջում։
Չումակովը Երևանում կներկայացնի իր «Երկինքը քո աչքերում» («Небо в твоих глазах») ալբոմը, որը «Տարվա լավագույն ալբոմ» է ճանաչվել Fashion TV-ի Fashion New Year Awards 2018-ի արդյունքներով:
«Համերգային շոուն հիշեցնելու է գեղեցիկ և ռոմանտիկ ներկայացում: Կներկայացվեն սիրված ու նոր ստեղծագործություններ: Սպասվում է անմոռանալի երեկո, որը դեռ երկար կմնա հանդիսատեսի հիշողություններում»,- նշված է հաղորդագրության մեջ:
Չումակովի երակներում նաև հայի արյուն է հոսում։ Նա ծնվել է 1981 թ. Ուզբեկստանում։ Մայրը՝ Լիլիա Ավանեսովնան, հայ է, ծնունդով՝ Լեռնային Ղարաբաղից։ 2003 թվականին Չումակովը դարձել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Ժողովրդական արտիստ» երաժշտական ռեալիթի շոուի առաջին շրջանի մրցանակակիր։ 2013 թվականին ճանաչվել է ռուսական Առաջին ալիքի «Один в один!» հեռուստաշոուի առաջին եթերաշրջանի հաղթող։ 2014 թվականին ընդգրկված է եղել «Ռոսիա-1» հեռուստաալիքով ցուցադրվող այդ շոուի երկրորդ շրջանի ժյուրիի կազմում։