ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան մոտ ակցիա է անցկացվել ի պաշտպանություն թուրքական տնտեսության, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Միջոցառման մասնակիցներն արհեստական դոլարներն են այրել` բողոքելով Անկարայի նկատմամբ կիրառվող ամերիկյան պատժամիջոցներից։
Բողոքի ակցիայի մասնակիցները ներկայացել են Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներով, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պատկերով պաստառներով։ Նրանք ԱՄՆ քաղաքականությունը դատապարտող և թուրքական տնտեսությանն աջակցող կարգախոսներ են վանկարկել։
Ցուցարարները Թուրքիայի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող երկրներին կոչ են արել հրաժարվել դոլարից, անցնել թուրքական արժույթի և գնել թուրքական ապրանքներ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի արդարադատության նախարարության և ՆԳՆ ղեկավարների նկատմամբ` ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին կալանավորելու պատճառով։ Ավելին` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել Թուրքիայից ներկրվող ալյումինի և պողպատի մաքսային տուրքերի ավելացմանը, որպեսզի դրանք համապատասխանաբար 20 և 50 տոկոս կազմեն։