Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ալաբինոյում «Տանկային բիաթլոնի» եզրափակիչ մրցումից առաջ այցելել է «Բարեկամության տուն», որտեղ կազմակերպվել է ցուցահանդես Բանակային միջազգային խաղերի անդամ երկրների, այդ թվում` Հայաստանի կենցաղի, պատմության և մշակույթի մասին։
Շոյգուն, որին ուղեկցել է հայ գործընկեր Դավիթ Տոնոյանը, հատուկ հետաքրքրություն է ցուցաբերել հայկական տաղավարի նկատմամբ և նույնիսկ փորձել պարկապզուկ` ազգային փողային երաժշտական գործիք նվագել։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է Դավիթ Տոնոյանը ժպիտով ռուս գործընկերոջն ասում, որ այստեղ ներկայացված է «պատմական Հայաստանը»։
Շոյգուին հատկապես հետաքրքրել է պարկապզուկը։ Նա հետաքրքրվել է, թե որ կողմից պետք է փչի, այնուհետև որոշել է նվագել այդ գործիքը։
Չնայած Շոյգուի համառ փորձերին` այդպես էլ չի հաջողվել ինչ-որ հնչյուն, առավել ևս երաժշտություն ստանալ։ Երկու նախարարները ծիծաղել են, Շոյգուն շնորհակալություն է հայտնել իրեն տաղավարը ներկայացրած սպային։
Ռեպորտաժը հատկապես դուր է եկել հայ օգտատերերին, քանի որ հայկական պատվիրակության ներկայացուցիչներից մեկի կինը տեսանյութը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում։
Նշենք, որ Ալաբինոյի «Բարեկամության տանը» ներկայացված են 18 երկրների տաղավարներ։