ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. «Պրիվետ, Ռոբ» բողոքի ակցիայի մասնակիցները հավաքվել էին «Էրեբունի պլազա» բիզնես–կենտրոնի մոտ, որտեղ այսօր նախատեսված է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը: Քիչ առաջ նրանք կարողացան շրջանցել անվտանգության աշխատակիցներին ու մտնել հյուրանոց։
Բողոքի ակցիայի մասնակիցները մտան այն սրահ, որտեղ լրագրողները սպասում են 2-րդ նախագահին: Նրանք վանկարկում են. «Մարդասպան, ցմահ ազատազրկում»։
Ցուցարարները համարում են, որ Վերաքննիչ դատարանի` Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշումն անարդարացի է:
Ակցիայի կազմակերպիչներից մեկը՝ քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Պետրոսյանը, վերցնելով խոսափողն ասաց, որ այսօր առաջվանը չէ, ՀՀ քաղաքացիների մոտ վերականգնվել է վստահությունը, իրենք չեն պատրաստվում մեր երկրում հանդուրժել անարադարությունը, մարդասպաններին:
Մասնակիցներից ոմանք բղավում են, որ Ռոբերտ Քոչարյանն այստեղ ապրելու իրավունք չունի։
Րոպեներ առաջ ասուլիսի դահլիճ է մտավ նաև ակտիվիստ Վարդգես Գասպարին: Նա պառկեց հատակին՝ ձեռքերում պահելով մարտի 1-ի զոհվածների նկարներով փոքրիկ պաստառը և ասաց, որ չի պատրաստվում խոչընդոտել ասուլիսը:
«Ուղղակի թող մարդասպան Քոչարյանը և նրան պաշտպանող փաստաբանները գան ու բացատրեն, թե ինչպես է հնարավոր արդարացնել իմ տասը հարազատներին սպանողին», — ասաց նա:
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռքբերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին ՀՀ պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։
Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 13-ին ՀՀ Վերաքննիչ դատարանն ազատ արձակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Դատարանը հայտարարեց, որ բավարարում է պաշտպանների բողոքը, վերացնում է առաջին ատյանի դատարանի որոշումը` հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է, և նրա գործողությունները բխել են իր լիազորություններից։