ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը օգոստոսի 12-ի հանդիպման ժամանակ քննարկել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ կապված խնդիրը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Երևանում առաջին ատյանի դատարանը 2008 թվականին Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Խաչատուրովին կալանավորելու որոշում էր կայացրել, սակայն այնուհետև փոխել խափանման միջոցը գրավի դիմաց։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը քննարկվել է երկկողմանի հանդիպման ժամանակ Նազարբաևի նախաձեռնությամբ։
«Թեմաներից մեկը, որ պետք է քննարկենք, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցն է, որը մեզ համար պրոբլեմային է դարձել», – ասել է Նազարբաևը։
Բացի այդ, կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, այդ թվում` ՀԱՊԿ, ԵԱՏՄ շրջանակներում։
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին քննչական մարմինները թույլ են տվել Խաչատուրովին լքել երկիրը, և նա վերադարձել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի իր պարտականությունների կատարմանը։
Ներկա պահին հայկական կողմը քննարկում է գլխավոր քարտուղարին փոխարինելու հարցը։ Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է նշանակվել 2017 թվականին, երեք տարի ժամկետով։