ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik. Ինդոնեզիայում ինքնաթիռի կործանումից հետո մի երեխա է ողջ մնացել, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Dimonim Air մասնավոր ընկերության ինքնաթիռը, որի մեջ յոթ ուղևոր ու անձնակազմի երկու անդամ կային երեկ կործանվել է Ինդոնեզիայում։ Կապն ինքնաթիռի հետ կորել է, երբ այն թռչում էր Ինդոնեզիայի Պապուա շրջանի վրայով։
Ի սկզբանե հայտնում էին, որ բոլորը մահացել են։ Սակայն պարզվել է, որ ուղևորներից մեկը՝ 12 տարեկան տղան, ողջ է մնացել։ Փրկարարական աշխատանքների ընթացքում երեխայի գիտակցությունը տեղն էր, այլ մանրամասներ չեն հայտնում։ Նրան հոսպիտալացրել են։
Միջադեպի պատճառները դեռ անհայտ են, իրավասու մարմինները պարզում են դեպքի հանգամանքները։