ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցն օգոստոսի 11-ին, ժամը 04:15-ի սահմաններում գիշերային շրջայց կատարելիս հայտնաբերել է կալանավորված անձ Վ. Գ.-ի՝ պատուհանի ճաղավանդակից իր տաբատի գոտիով կախված դին:
Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Վ. Գ.-ն հիմնարկ է ընդունվել 06.08.2018թ.-ին, խցում պահվել է միայնակ, դրսևորել է ագրեսիվ վարքագիծ: Հիմնարկում գտնվելու բոլոր 3 օրերին նրա հետ մշտապես աշխատել են հոգեբանները: 2 օր առաջ կալանավորված անձ Վ. Գ.-ն անգամ ինքնավնասում է կատարել, տեղափոխվել է քաղաքային բուժհաստատություն, որտեղ նրան օգնություն է ցուցաբերվել:
Հոգեկան անհավասարակշիռ վիճակից դուրս բերելու համար Վ. Գ.-ին նույնիսկ մոր հետ տեսակցություն է տրամադրվել, բայց դա էլ իրավիճակը չի շտկել:
Այս պահին դեպքի հանգամանքներին ծանոթանալու նպատակով քրեակատարողական հիմնարկում են գտնվում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ու Քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանը:
Նախապատրաստվում են նյութեր: Կատարվում է քննություն: