ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. «Տանկային բիաթլոն-2018» IV միջազգային բանակային խաղերին Հայաստանի թիմի ներկայացուցիչը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում խոսել է անձնակազմի յուրահատուկ կազմի ու այդ մրցումներին մասնակցելու օգտի մասին։
Փոխգնդապետ Արմեն Ֆերոյանը, որը նախկինում հայկական թիմի մարզիչն էր, այս տարի օպերատիվ ու կազմակերպչական հարցերի պատասխանատուն էր։
Նրա խոսքով`անհատական մրցումներում հայ զինվորականները շատ լավ ելույթ ունեցան` խփելով 15 թիրախներից 14–ը։
«Եթե հաշվի առնենք, որ մեր թիմի կազմում ժամկետային ծառայողներն էին, ապա մենք հիանալի ելույթ ունեցանք։ Չէ որ մեզ մոտ ամեն տարի նոր տղաներ են», – ասաց փոխգնդապետը։
Նա ընդգծեց, որ մրցումներին մասնակցող տղաները մեծ ու արժեքավոր փորձ են ձեռք բերում, որը հետագայում բերում է իրենց ստորաբաժանումների մակարդակի բարձրացմանը։
«Այսինքն` նրանք պրոֆեսիոնալ են դառնում, հետո տարածում են իրենց պրոֆեսիոնալիզմը, իրենց փորձը զորքերում, ու հետագայում, եթե, Աստված չանի, պետք գա, մենք արդեն 8 պրոֆեսիոնալ անձնակազմ ունենք», – ասաց Ֆերոյանը»։
Նա նաև նշեց, որ տեղացի հայերը նախօրոք իմանում են մեր թիմի մրցումային օրերն ու գալիս են երկրպագելու։ Փոխգնդապետի խոսքով` դա ասես ֆուտբոլ լինի. այդպիսի աջակցության շնորհիվ մեր տղաները զգում են իրենց ինչպես տանը, իսկ այդ զգացողությունն ինչպես հայտնի է օգնում է հաղթել։
«Սակայն մեզ երկրպագում են ոչ միայն հայերը, նաև ռուսներն ու բոլոր այն մարդիկ, որոնց հետաքրքիր է` ինչպես կարող են ժամկետային ծառայողները հասնեն համաշխարհային մակարդակ ու մրցել շատ ուժեղ ու պրոֆեսիոնալ թիմերի հետ։ Այդ հետաքրքրությունը շատ վառ է», – ասաց Ֆերոյանն ու ավելացրեց, որ հայկական թիմի տղաները բանակում կեսից մինչև մեկուկես տարի ծառայած տղաներ են ու նրանք պատրաստվել են բիաթլոնին առավելագույնը 2,5 ամիս։