ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik. Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերջին օրերին որևէ արտառոց պատահար տեղի չի ունեցել:
Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը`հերքելով ադրբեջանական որոշ լրատվամիջոցների, մասնավորապես՝ haqqin.az կայքում հրապարակված տեղեկատվությունն այն մասին, թե իբր հայկական կողմը թաքցնում է գետնատնակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առկա կորուստները։
«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտարարում է, որ ինչպես երեկ, այնպես էլ այսօր արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական կայուն իրադրություն և որևէ արտառոց պատահար տեղի չի ունեցել»,–ասված է տարածած հաղորդագրության մեջ:
Պատկան մարմինը նաև տեղեկացնում է, որ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը ապատեղեկատվության հերթական անհաջող փորձն է: