ԵՐԵՎԱՆ, 6 oգոստոսի— Sputnik. Հայաստանի կույրերի միավորման անդամները պահանջում են բացահայտել կույրերի միավորումում տարիներ շարունակ տեղի ունեցած թալանն ու կոռուպցիան։ Այդ մասին այսօր նրանք հայտարարեցին Երևանի կենտրոնում` Իսահակյանի արձանի հարակից տարածքում, որտեղ իրականացնում էին բողոքի ակցիա։
Միաժամանակ նրանք նաև կույրերի միավորման ղեկավարության հրաժարականի պահանջն են ներկայացնում` հայտարարելով, որ տարիներ շարունակ ոչինչ չեն ստացել միավորումից։
«Համոզված ենք, որ նրանք նախկին իշխանությունների հետ գործարքի մեջ են եղել և պահանջում ենք անկախ հետաքննություն»,– լրագրողների հետ զրույցում ասաց միավորման անդամ Սիփան Ասատրյանը։ Նրա խոսքով` միավորման անդամները միավորումից ամսական 1000 դրամ գումար պիտի ստանան, բայց տարիներ շարունակ չեն ստացել։ «Եվ դա այն դեպքում, երբ 2017թ.–ին Սոցապ նախարարությունը 51 մլն 700 հազար դրամ է հատկացրել կույրերի միավորմանը` որպես եկամտահարկի ու ԱԱՀ–ի վերադարձ»,– ասաց նա։
Միավորման անդամ Արիստակես Մարգարյանն էլ հայտնեց, որ միավորման ենթակայության արտադրական կոմբինատները տարիներ շարունակ չեն գործել, դրանց գույքը միավորման ղեկավարությունը վաճառել է, տարածքները շուկայականից ցածր գնով տրվել են վարձակալության, բայց այդ գումարները միավորման բյուջե չեն հասել։
«Ես ստանում եմ 20 000 դրամ թոշակ, դրանով ընտանիք եմ պահում։ Իրենք ստանում են 300-400 հազար դրամ աշխատավարձ` չգիտես ինչի համար»,– ասաց միավորման անդամ Վարդան Վարդանյանը։
Ակցիայի մասնակից տեսողական խնդիրներով անձինք նաև հայտնում են, որ միավորման կանոնադրության համաձայն` տարվա մեջ մեկ անգամ պետք է համագումար գումարվի, ինչը չի արվում, միավորման նախագահի ընտրություն ևս չի իրականացվում, չնայած այն բանին, որ նախկին նախագահը, ով շուրջ 90 տարեկան է, այս տարվա հունվարին հրաժարականի դիմում է ներկայացրել։
«Նախագահը հունվարից ձևի համար է եղել։ Տեղակալներն են ղեկավարում փաստացի»,– ասում են ակցիայի մասնակիցներն ու պահանջում նրանց հրաժարականն ու նոր ղեկավար մարմնի ընտրություններ։
Միավորման անդամները նաև երթով անցան Երևանի կենտրոնական փողոցներով` իրենց խնդիրները լսելի դարձնելու, նաև նոր իշխանություններին ցույց տալու, որ իրենք ունակ են և ուզում են աշխատել ու սեփական հոգսերը հոգալ։