ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի — Sputnik. Թեթևագույն քաշային կարգում WBA International գոտի ունեցող ռուսաստանցի Միխայիլ Ալոյանը ասել է, որ գիտակցում է WBSS երկրորդ մրցաշրջանին մասնակցելու ողջ պատասխանատվությունը։
Երկուշաբթի հայտնել էին, որ Ալոյանի և WBO չեմպիոն Զոլանի Տետեի միջև WBSS քառորդ եզրափակչի մենամարտը նախատեսված է հոկտեմբերի 13-ին, այն անցկացվելու է Եկատերինբուրգում։
«Մենամարտեր անցկացնելը միշտ հուզիչ է։ WBSS–ը բացառիկ միջոցառում է, Ռուսաստանում անցկացվում է եզրափակիչը։ Շատ երկրներ կարող են նախանձել մեզ։ Այժմ երկրորդ խաղաշրջանն է սկսվելու, որին մասնակցելու եմ։ Ուսերիս մեծ պատասխանատվություն է դրված», – ասել է Ալոյանը մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով` նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են, Կաբարդինո Բալակարիայում առաջին փուլը վերջերս ավարտվել է, այնուհետև Կիսլովոդսկում Ռուսաստանի հավաքականի հետ հավաք կկայանա։ Ընդ որում, վերջին հավաքի վայրը դեռ քննարկվում է։
«Տետեն շատ ուժեղ մրցակից է, որը մեծ փորձ ունի։ Սուպերսերիայում այլ կերպ չի լինում։ Հուսով եմ, որ տեսարժան մարտ կունենանք, խաչենք մատներս, որպեսզի ես հաղթեմ։ Դե, իհարկե նաև մարզվելու ենք», – շարունակել է նա։
30-ամյա Տետեի ակտիվում 27 հաղթանակ (21-ը` նոկաուտով) և 3 պարտություն կա, իսկ 29-ամյա Ալոյանը պրոֆեսիոնալ ռինգում 4 հաղթանակ է տարել։
Միխայիլ Ալոյանը Լոնդոնի 2012 թվականի Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր է, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն մինչև 52 կգ քաշային կարգում։ Ռիո դե Ժանեյրոյի խաղերում արծաթե մեդալ է նվաճել, սակայն ավելի ուշ զրկվել էր մրցանակից դոպինգ թեստի պատճառով։ Նրա արյան մեջ տուամինոգեպտան կոչվող արգելված նյութ էր հայտնաբերվել։