ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի –Sputnik. Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է անգլիական ակումբի խաղացողներին ցույց տալ Հայաստանի գեղատեսիլ վայրերն ու խոհանոցը, հայտնում է Vivaro News-ը։
«Ես նրանց կգայթակղեմ Հայաստանի տեսարժան վայրերով, որոնք շատ-շատ են, մեր երկրի հարուստ պատմությամբ և իհարկե՝ հայկական ավանդական խոհանոցով։ Միշտ պատրաստ եմ նրանց ինձ մոտ հյուրընկալելու և Հայաստանս ցույց տալու նրանցից յուրաքանչյուրին, ով կցանկանա լինել այստեղ»,-ասել է Մխիթարյանը։
Նա պատրաստակամություն է հատնել ցույց տալու նրանց Սևանը, Խոր Վիրապը, Էջմիածինը, Գառնին, Գեղարդը, Տաթևը…
«Ուզում եմ, որ մարդիկ կարողանան ծանոթանալ մեր մշակույթին և զգան հայ ժողովրդի հյուրսեր լինելը։ Թեև Հայաստանը փոքր երկիր է, զբոսաշրջությունն այստեղ արագ է զարգանում, ինչը շատ է ուրախացնում։ Հուսով եմ՝ Հայաստան այցելող մարդիկ, կկարողանան տեսնել, թե ինչպիսին է Հայաստանն իրականում և ինչպիսին է նրա պատմությունը»,-նշել է ֆուտբոլիստը։
Նա խորհուրդ կտար գործընկերներին նախ և առաջ Հայաստանում անպայման հայկական խորոված համտեսել, ինչպես նաև խաշ և հարիսա։
«Ուզում եմ, որ բոլորը համտեսեն հայկական խոհանոցի ուտեստներն ու հասկանան, որ մեր խոհանոցը` աշխարհի լավագույն խոհանոցներից մեկն է»,-ասել է Մխիթարյանը։