ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. Ոստիկանությունը մանրամասներ է հրապարակել երեկ՝ օգոստոսի 3-ին, Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:
Ըստ այդմ՝ օգոստոսի 3-ին, ժամը 20:30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Գորիսի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Հայկ Հ.-ն և հայտնել, որ երկու տղամարդ եկել և ցանկանում են պարզաբանումներ անել իրենց հետ: Քաղաքացին խնդրել է, որ ոստիկան մոտենա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 20:00-ի սահմաններում, Շուռնուխ գյուղի մի խումբ բնակիչներ 1997 թ. ծնված Հայկ Հ.-ից և նրա ընկերներից պահանջել են հեռանալ գյուղից՝ պատճառաբանելով, որ վերջիններս համասեռամոլներ են, այնուհետև նրանց միջև առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում գյուղացիներից ոմանք ծեծել Հայկ Հ.-ին ու նրա ընկերներին:
Չորս անձինք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց` բուժօգնության, այնուհետև ոստիկանության ծառայողները, ապահովելով նրանց անվտանգությունը, ուղեկցել են դեպի Երևան:
Կան բերման ենթարկվածներ, իսկ դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են:
Նշանակվել է ԴԲՓ և նախապատրաստվում են նյութեր:
Հիշեցնենք, որ տեղեկատվություն է տարածվել, թե օգոստոսի 3-ին, ժամը 20.00-ի սահմաններում Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում ավելի քան 30 մարդ հարձակվել են ԼԳԲՏ 9 ակտիվիստի վրա և ծեծել: