ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. Սոչիի մասնավոր տներից մեկում այս գիշեր բռնկված հրդեհը 8 մարդու մահվան պատճառ է դարձել։ Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը հաստատում է` հրդեհի հետևանքով զոհվել է ՀՀ քաղաքացի։
«Հայտնում ենք, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանության ճշտած տվյալների համաձայն, Սոչի քաղաքի մասնավոր տներից մեկում հուլիսի 30-ին բռնկված խոշոր հրդեհի հետևանքով զոհվել է ՀՀ քաղաքացի, 1950թ.–ին ծնված Նիրվարդ Հարությունյանը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հայտնի է, որ հրդեհից հետևանքով զոհվել է ութ մարդ, մեծ մասը՝ ԱՊՀ քաղաքացիներ։ Դեպքի առնչությամբ ներկայումս ընթանում է հետաքննություն։
112 տելեգրամ ալիքի տվյալներով` զոհվածներից 3–ը մեկ ընտանիքից են։ Շինության 1–ին հարկում նրանք հայկական խոհանոցի սննդի կետ էին բացել։ Զոհված մարդկանցից 5–ի մարմինները հենց սննդի կետում են հայտնաբերվել` սեղանների մոտ։ Ընտանիքի հայրը` Էդուարդ Սիմոնյանը, այս պահին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Նրա 16–ամյա որդին ևս այրվածքներ ունի։ Հրդեհի պահին նա թռել է պատուհանից։
Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին, ժամը 11:47-ին ՌԴ ԱՃԿԿ միջազգային համագործակցության գլխավոր մասնագետից տեղեկատվություն է ստացվել ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որ հուլիսի 30-ին ժամը 05:40-ին (Մոսկվայի ժամանակով) Սոչի քաղաքի Ադլերի շրջանի Պրոսվեշչենիա փողոցի թիվ 81 տանը (2 հարկանի, 300 քմ) բռնկված հրդեհի հետևանքով զոհվել են 8, տուժել՝ 11 քաղաքացի: Նախնական տվյալներով զոհերի մեջ կա ՀՀ քաղաքացի: