ԵՐԵՎԱՆ, 30 Հուլիս — Sputnik. Սյունիքում գրանցված ավտովթարի հետևանքով երիտասարդ պայմանագրային զինծառայող է մահացել, մեկ այլ զինծառայող էլ տեղափոխվել է հիվանդանոց։
Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, երեկ՝ հուլիսի 29-ին, ժամը 22։40-ի սահմաններում Գորիս քաղաքի Երևանյան խճուղում թիվ 2 հասցեում գործող «Զանգեզուր» կոչվող հացատան դիմաց բախվել են Քարահունջ գյուղի բնակիչ՝ 41-ամյա Արման Պողոսյանի վարած ГАЗ 27057 մակնիշի 07 PR 088 համարանիշի և Վերիշեն գյուղի բնակիչ՝ 56-ամյա Վահիկ Բակունցի վարած ВАЗ 2107 մակնիշի 34 RP 016 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով Վ. Բակունցը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն, իսկ նրա ուղևոր՝ 29-ամյա Արմեն Մինասյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացած Ա. Մինասյանը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։ Նույն զորամասի պայմանագրային զինծառայող է նաև «07»-ի վարորդ Վ. Բակունցը։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Գորիսի բաժնի հատուկ պահպանվող տարածք։