ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ժամը 14:45–ի սահմաններում վայրէջք կատարեց Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլայի ինքնաթիռը։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Մատարելլան` իտալացի պաշտոնյաների պատվիրակությամբ, Հայաստան է ժամանել երկօրյա պետական այցով։ Նրան դուստրն է ուղեկցում։
Սերջո Մատարելլային Հայաստան է հրավիրել նրա հայ գործընկեր Արմեն Սարգսյանը։ Երկուշաբթի նրանք երկկողմանի բանակցություններ կանցկացնեն, հետո ընդլայնված կազմով հանդիպում տեղի կունենա։
Նախատեսվում է, որ Մատարելլան ու Սարգսյանը մամուլի համար հայտարարությամբ հանդես կգան։ Պետական այցի շրջանակում Իտալիայի նախագահը կհանդիպի Հայաստանի բարձրագույն ղեկավարության ու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ի հետ։
Նրա գլխավորած պատվիրակությունը ծաղկեպսակ կխոնարհի Ծիծեռնակաբերդում։ Սարգսյանի ու Մատարելլայի ներկայությամբ կբացվի մշակութային ժառանգության պահպանման հայ-իտալական կենտրոնը։