ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. Հայաստանի հանրապետական կուսակցությունը քաղաքական հետապնդման տպավորություն է ստացել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործից ու կալանքի միջնորդությունից։ Այս մասին ասված է ՀՀԿ տարածած հայտարարության մեջ։
Կուսակցությունը մտահոգություն է հայտնում վերջին իրադարձությունների վերաբերյալ։
«Առաջադրված մեղադրանքը թողնում է բացառապես քաղաքական հետապնդման տպավորություն, իսկ իրավական տեսակետից անհեթեթ է։ Ստեղծված իրավիճակը համարում ենք սպառնալիք Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը և հարված` լիարժեք իրավական պետության կառուցման գործընթացներին։ Քաղաքական շարժառիթներով հարուցված քրեական գործը և առաջադրված մեղադրանքը վտանգի տակ են դնում Հայաստանի Հանրապետությունում սահմանադրականությունը»,- ասված է հայտարարության մեջ։
Նախկին գերագույն գլխավոր հրամանատարին և արցախյան ազատամարտի հաղթանակի վճռորոշ դերակատարներից մեկի նկատմամբ «օրինականության սկզբունքի հետ որևէ ընդհանրություն չունեցող շինծու և արհեստական մեղադրանքի առաջադրումը» ՀՀԿ-ն դիտում է որպես «Արցախյան հիմնախնդրի շուրջ տարիներ շարունակ առկա մոտեցումներից արմատապես տարբերվող հնարավոր զարգացումների ընդդիմախոսներին լռեցնելու փորձ»։
Երեկ` հուլիսի 26-ին, Ռոբերտ Քոչարյանը ներկայացել էր Հատուկ քննչական ծառայություն` մարտի 1-ի գործով հարցաքննության։
Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել և Հատուկ քննչական ծառայությունը նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ դիմել էր առաջին ատյանի դատարան։
Դատը հետաձգվել էր և շարունակվում է այսօր Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում։
ՀՔԾ-ն Քոչարյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով, այն է` սահմանադրական կարգը տապալելը։
Հիշեցնենք` 2008 թվականի փետրվարի 24-ին Հայաստանի ԿԸՀ-ն հայտարարել էր, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Բողոքի ակցիայի մասնակիցները դուրս էին եկել փողոց և պահանջել, որ վերահաշվարկեն քվեները։
Մարտի 1-ի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանական ուժերը օպերատիվ-հետախուզական գործողություններ էին իրականացրել «տեղանքը ստուգելու» համար, որի արդյունքում հազարավոր ցուցարարների հեռացրել էին հրապարակից։
Մարտի 1-ի երեկոյան ԶՈՒ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ էին իրականացրել։ Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ էին ստացել, մահացել էին 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան։
10 տարի չբացահայտված քրեական գործը թավշյա հեղափոխությունից հետո ՀՔԾ-ում նոր թափ է ստացել։ Հունիսի 3-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության քննությունը։

