ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. Դիլիջանի քաղաքապետարանի մոտ ոստիկանական մեքենաների կուտակումը կապված է այնտեղ տեղի ունեցող բողոքի ակցիաների հետ։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
«Ոստիկանական մեքենաների կուտակումները պայմանավորված են այնտեղ տեղի ունեցող բողոքի ակցիաներով», — ասաց նա։
Երեկ գյուղացիները փակել էին Դիլիջան-Իջևան ճանապարհը։ Ինչպես հաղորդեցին Sputnik Արմենիայի թղթակցին Տավուշի մարզպետարանի մամուլի ծառայությունից, գյուղացիները պահանջում էին անտառներից անհապաղ դուրս բերել «կանաչ» ակտիվիստներին, որոնք թույլ չեն տալիս հատել ծառերը։ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի հետ բանակցություններից հետո նրանք ցրվել են։
Միաժամանակ, ակտիվիստ Հայկ Բարսեղյանի խոսքով` պատճառն այն չէ, որ գյուղացիներին թույլ չեն տալիս տանել չորացած ծառերը։
«Տավուշում գործում է մաֆիա, որը, օգտագործելով գյուղացիների միամտությունը, զբաղվում է բիզնեսով, հատելով ծառերը, որոնց փայտը շատ թանկ արժե` մի քանի հազար դոլար։ Մենք խանգարում ենք նրանց շարունակել իրենց սև գործը», — հայտարարեց նա։

Միաժամանակ Բարսեղյանը հավելեց, որ այդ բիզնեսի տերը ոմն Արգո է, իսկ տեղի իշխանությունները պաշտպանում են նրան։ Բարսեղյանը նաև հայտարարեց, որ ոստիկանությունը գիտի ակտիվիստների նկատմամբ բռնություն գործադրելու և սպառնալիքների մասին, բայց գործուն քայլեր չի ձեռնարկում, քանի որ վախենում է ավելորդ լարվածությունից։
Ավելի վաղ Թեղուտ գյուղի մի քանի տասնյակ բնակիչներ ծեծել էին երեք կամավորների, որոնք հսկում են «Դիլիջանի ազգային պարկը»։ Բնապահպանների տվյալներով` երկար տարիների ընթացքում Թեղուտ և Հաղարծին գյուղերի բնակիչների զգալի մասը կաշառքներ է տվել և անօրինական հատումներ իրականացրել անտառում։

