Արամ Գարեգինյան, Sputnik.
ԵԱՏՄ-Իրան համաձայնագիրը նոր դռներ կբացի մի շարք հայկական ապրանքների առաջ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Հովհաննես Ազիզյանը։
Ըստ համաձայնագրի՝ ԵԱՏՄ-ն ու Իրանը մի քանի հարյուր ապրանքների համար կիջեցնեն մաքսատուրքերն ու կվերացնեն խոչընդոտները։ Ընդհանուր առմամբ երկու կողմերի ցուցակում մոտ 850 տեսակի ապրանք կա։
ԵԱՏՄ-ի ղեկավարներն արդեն ստորագրել են համաձայնագիրը, և ազգային խորհրդարաններում վավերացվելուց հետո այն ուժի մեջ կմտնի։ Ակնկալվում է, որ դա կլինի մինչ 2018 թվականի ավարտը։
Երեք տարվա փորձնական շրջանից հետո կողմերը պետք է ավելի լայն «բացեն դռները միմյանց առջև», այսինքն՝ բոլոր ապրանքների գրեթե 90%-ի համար իջեցնեն տուրքերն ու հեշտացնեն գործընթացները։
Իսկ հիմա Եվրասիական միության համար տուրքերը կիջնեն մի քանի հարյուր ապրանքի դեպքում։ Դրանցից որո՞նք են Հայաստանի համար շահեկան։
Առաջին հերթին` ոչխարի միսը, որը հիմա էլ է Իրան արտահանվող հիմնական ապրանքը (եթե հաշվի չառնենք էլեկտրաէներգիան, որը փոխանակվում է գազի հետ)։
Իրանը կցածրացնի տուրքերը ԵԱՏՄ-ի համար ոչ ալկոհոլային գարեջրի, գինու, շոկոլադի և այլ քաղցրավենիքի, հանքային ջրերի ու լիմոնադների համար։ Նախկինում Հայաստանն այս ամենը չէր արտահանում Իրան կամ փոքր քանակությամբ էր արտահանում։ Այժմ հայ գարեջրագործերն ու հրուշակագործերը լավ հնարավորություններ են ստանում նոր և շատ խոշոր շուկայում։
Արտոնություններ կստանա նաև տեքստիլային ապրանքը։ Վերջին տարիներին Հայաստանում բավականին ուժեղացել են կարի ֆաբրիկաները (ռուսական շուկայի շնորհիվ)։ Ուժերը հավաքելով՝ հիմա կփորձեն կայանալ նաև Իրանում։
Որոշ ապրանքների համար իրանական տուրքերը զգալիորեն իջել են։ Մաքսատուրքերը Իրանում կարող են կազմել 50% և ավելի։ Հիմա որոշ ապրանքների համար դրանք իջել են մինչև 10-15%, որոշ ապրանքների դեպքում` նույնիսկ մինչև 5% (ըստ տեղական օրենքների՝ դրանք չեն կարող 4%-ից պակաս լինել)։
«Սակայն ուզում եմ մեկ այլ բան էլ ընդգծել․ մի շարք ապրանքների համար Իրանը տուրքերը չի իջեցրել, փոխարենը հանել է սահմանափակումները։ Այդ թվում նաև ոսկերչական իրերի համար, ինչը կարևոր է Հայաստանի համար։ Իրանում մի կանոն կա․ մաքսակետում չի կարելի ավելի քան 150 գրամ ոսկերչական իր անցկացնել։ Հիմա ԵԱՏՄ-ի համար այդ սահմանափակումը կհանվի», — ասաց Ազիզյանը։
Ընդհանուր առմամբ կողմերը պայմանավորվել են` թեև Իրանը Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մեջ չի մտնում, բայց ապրանքների հաստատված ցանկի սահմաններում ԱՀԿ-ի կանոններից ավելի խիստ պայմաններ չի կիրառելու։
«Օրինակ` եթե ապրանքը պետք է լաբորատոր ստուգում անցնի, այն չպետք է անհիմն թանկ լինի։ Ամեն ինչ պետք է շուկայական գների սահմանում լինի», — ավելացրեց Ազիզյանը։
Իսկ ի՞նչ ապրանքներ է «շահել» Իրանը։ Մրգի ու բանջարեղենի առումով այս երկիրն իհարկե կարող է Հայաստանի համար լուրջ մրցակից դառնալ։ «Մեր շահերն ինչ-որ տեղ հատվում են։ Օրինակ` տոմատի մածուկի հարցում։ Սակայն Ռուսաստանը տարեկան մոտ հարյուր հազար տոննա է ներմուծում։ Իսկ Հայաստանն ամենաշատը հինգ հազար կարող է մատակարարել։ Այդ պատճառով դեռ վաղ է մրցակցությունից խոսել», — ասաց Ազիզյանը։
Հայաստանում էժան նավթամթերք կհայտնվի՞։ Դեռ ոչ։ Քանի որ նավթը նուրբ հարց է և՛ Իրանի, և՛ Ռուսաստանի ու Ղազախստանի համար։ Ու ընդհանուր հայտարարի գալու համար որոշել են զգայուն ապրանքների թեման առայժմ չքննարկել։
Սակայն Իրանը առավելություն կստանա նաև բազում այլ ապրանքների դեպքում, որոնք եվրասիական շուկայում ոչ ոքի չեն խանգարի։ Նույնիսկ հակառակը։ Խոսքը վերաբերում է և՛ հայտնի գորգերին, և՛ արդյունաբերական ապրանքներին։
«Եթե մենք հիմնականում ներմուծում ենք այդ ապրանքը, ավելի լավ չէ՞ գործընկերներից գնենք։ Հենց դա էր համաձայնագրի տրամաբանությունը»,- նշեց Ազիզյանը։
Ճիշտ է` ինչու՞ թուրքական պլաստմասսա գնել, եթե իրանականը կա։
Առևտուրը կավելանա, նշանակում է` կավելանա նաև բանկերի աշխատանքը։ Ազիզյանի խոսքով՝ այստեղ էլ անլուծերի խնդիրներ չկան։Հայտնի պատճառներով Իրանի հետ չի կարելի դոլարով առևտուր անել։ Բայց կարելի է եվրոյով աշխատել։ Հայաստանում ու ԵԱՏՄ այլ երկրներում աշխատող իրանական բանկերն ընդունում են այդպիսի վճարումներ։ «Ճիշտ է`, գործարարներից շատերը բողոքում են այդ բանկերի բարձր սակագներից։ Բայց կարծում եմ` որքան շատանան գործարքները, այդքան կիջնեն սակագները», — ավելացրեց Ազիզյանը։
Նշենք, որ ԵԱՏՄ երկրների շարքում Հայաստանն առևտրի հարցում Իրանի ամենաակտիվ գործընկերն է։ Բացարձակ թվերն իհարկե անհամեմատելի են ռուսականի կամ ղազախականի հետ։ 2017 թվականին Հայաստանի ու Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մոտ 263 միլիոն դոլար է կազմել, այդ թվում` Հայաստանից արտահանումը` 80 միլիոնից մի փոքր պակաս։ Սակայն հարաբերական արտահայտմամբ Հայաստանի արտաքին առևտրում Իրանի չափաբաժինը 4%-ից մի փոքր է շատ, միաժամանակ Ղազախստանինը՝ մոտ 0,7%, իսկ Ռուսաստանինը՝ մոտ 0,5%։