ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանի տուն՝ շնորհավորել նրա այրուն, զավակներին ու թոռներին՝ մեծ նկարչի ծննդյան 90-ամյակի առթիվ:
Նախագահը դիտել է Մինասի վաղ շրջանի մի քանի գործեր, զրուցել ընտանիքի անդամների հետ, լսել նրանց պատմությունները Մինասի մասին:
Այնուհետեւ նախագահ Սարգսյանն այցելել է նկարչի արվեստանոց, որտեղ այսօր ստեղծագործում է նրա որդին՝ նկարիչ Նարեկ Ավետիսյանը:
Արմեն Սարգսյանը դիտել է նրա կտավները, զրուցել հայ ժամանակակից արվեստի զարգացման միտումների մասին:
Մինաս Ավետիսյան 20-րդ դարի երկրորդ կեսի հայ կերպարվեստի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկն է: Ծնվել էը 1928 թ.-ի հուլիսի 20-ին Ջաջուռում (Շիրակի մարզ)։ Համեմատաբար ուշ է սկսել զբաղվել գեղանկարչությամբ։ Պատանի հասակում տարված է եղել Մարտիրոս Սարյանի արվեստով։ Մինասի գեղարվեստական և էսթետական զարգացման գործում մեծ ազդեցություն են ունեցել Հայկական մանրանկարչությունը և իտալական վերածննդի նկարչությունը։
Նա ստեղծել է հայկական գյուղաշխարհն արտացոլող կոմպոզիցիաներ, բնանկարներ, ինչպես նաև դիմանկարներ, նատյուրմորտներ, որմնանկարներ։
Մինասի հասուն ստեղծագործական կյանքը տևել է 15 տարի՝ 1960–1975 թթ, որի ընթացքում նկարիչը ստեղծել է մոտ հինգ հարյուր մեծ ու փոքր կտավ, մոտավորապես նույնքան գծանկար, քսան մեծածավալ որմնանկար, մեկ տասնյակից ավելի բալետային ու թատերական ձևավորումներ։
1975 փետրվարի 16-ին Մինասը Երևանում ենթարկվում է ավտովթարի։ Վախճանվում է մեկ շաբաթ անց՝ փետրվարի 24-ին։