Նրա խոսքով, 2016թ-ի հուլիսի 16-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի ընթացքում 3 ամսով սահմանված արտակարգ դրության ժամկետը պարբերաբար երկարաձգվեց 2 տարի` նախագահական ու խորհրդարանական ընտրություններն արտակարգ դրության պայմաններում անցկացնելու նպատակով։
«Ակնհայտ է, որ արտակարգ դրության պայմաններում իշխանությունները հանրահավաքների, այլ միջոցառումների հնարավորություն ունենում են, իսկ ընդդիմությանը թույլ չեն տալիս»,- Sputnik Արմենիային ասաց Չաքրյանը։
Ընտրություններն Էրդողանի համար ցանկալի արդյունքներով ավարտվել են, Եվրոպան էլ անընդհատ պահանջում է վերացնել արտակարգ դրությունը։ Փորձագետը չի բացառում, որ Էրդողանն ի վերջո կորոշի կատարել Եվրոպայի պահանջը։
«Արտակարգ դրության տարիներին Թուրքիայի հարաբերությունները ԵՄ-ի և Եվրոպայի առաջնակարգ պետությունների հետ կանգնեցին խզման եզրին։ Եվրոպական գործիչներն ավելի բարձրաձայն հնչեցրին ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության անհնարինության մասին։ ՆԱՏՕ-ից Թուրքիայի վտարման հարցն սկսեց ավելի հաճախակի արծարծվել։ Փաստորեն, արտակարգ դրությունը հնարավորություն տվեց եվրոպացիներին` լիարժեք հակադարձել Էրդողանի սանձարձակ, սպառնալից հայտարարություններին»,- ասաց Չաքրյանը։
Արտակարգ դրության չեղարկումը, սակայն, թուրքագետի դիտարկմամբ, ժամանակավոր բնույթ կկրի`այնքան մինչև ընդդիմությունը դարձյալ կանհանգստացնի Թուրքիայի նախագահին։
«Հենց ընդդիմությունը դարձյալ համը հանի ու ավելի կազմակերպված բողոքի ցույցեր անցկացնի, Էրդողանը դարձյալ կմտցնի արտակարգ դրությունը։ Պատրվակն էլ կա` ահաբեչությունը մի քիչ կակտիվանա երկրի որոշ շրջաններում։ Եվ Քրդական աշխատավորական կուսակցությանը ճնշելու փոխարեն Էրդողանը հերթական անգամ կճնշի ընդդիմադիր ժողովրդավարական ուժերին»,- կանխատեսում է մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-16-ին Թուրքիայում տեղի ունեցավ ռազմական հեղաշրջման փորձ, ինչից հետո ձերբակալվեցին Թուրքիայի զինված ուժերի բազմաթիվ զինծառայողներ: Դեկտեմբերի դրությամբ ռազմական հեղաշրջման հետ առնչություն ունենալու մեղադրանքով զինված ուժերից հեռացվեց 22 000 մարդ, նրանցից 6,400-ը` ռազմական դպրոցների կուրսանտներ:
Հեղաշրջման փորձը ճնշելու համար Թուրքիայի իշխանությունները երկրում արտակարգ դրություն սահմանեցին, որը 3 ամիսը մեկ երկարաձգվեց մինչև այսօր։
2018թ-ի հունիսի 24-ին Թուրքիայում անցկացվեցին խորհրդարանական ու նախագահական արտահերթ ընտրություններ, որոնց արդյունքում Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերընտրվեց Թուրքիայի նախագահի պաշտոնում։
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ արտակարգ դրությանը համապատասխան` Թուրքիայում դադարեցվել է 12 հասարարկական կազմակերպությունների, 3 թերթերի և մեկ հեռուստաալիքի գործունեությունը։ Ընդհանուր առմամբ, տարբեր պետական կառույցներում աշխատանքից ազատել են 18 632 մարդու։