ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Իլ-76 ինքնաթիռները Հայաստանից Սիրիա են տեղափոխել մոտ 100 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր։ Այս մասին հայտնում է Սիրիայում թշնամական կողմերի հաշտեցման կենտրոնը։
«Մարդասիրական արձագանքման հայ-ռուսական կենտրոնը ինքնաթիռների երեք չվերթով Հայաստանից Սիրիա է տեղափոխել բրինձ, հնդկաձավար, բուսայուղ, ինչպես նաև առաջին անհրաժեշտության պարագաներ», — նշված է հաղորդագրության մեջ։
Պարենամթերքը փոխանցվելու է կարիքավոր բնակիչներին, որոնք վերադառնում են գրոհայիններից ազատագրված բնակավայրեր և Սիրիայի դժվարամատչելի շրջաններ։
Հիշեցնենք, որ 30 տոննա մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը Սիրիա էր ուղարկվել հուլիսի 12-ին։